Այսօր դատարանը հաստատել է Ռ.Մանուկյանի նկատմաբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժադակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Աբովյան քաղքի՝ 1976թ. ծնված բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: