Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշը հնարավո՞ր է օգտագործել տրանսպորտային միջոցը փոխելիս

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է: Տրանսպորտային միջոցի սեփականատերը հանդիսանում է հաշվառման համարանիշի օգտագործողը:

 

Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն oգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ: Վեցամսյա ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ:

 

Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը օգտագործողի մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:

 

Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների չափորոշիչները սահմանված են ՀՀ Կառավարության 19 հուլիսի 2007 թվականի N 816-Ն որոշմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել