Այլ անձանց անուններով խաբեությամբ վարկեր են ձևակերպել ու որպես «շնորհակալություն» որոշակի գումար տվել նրանց

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տարաբնույթ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վեդի քաղաքում ապրող 39-ամյա մի տղամարդ, նրա կինն ու զոքանչը, հանցավոր համաձայնության գալով, մի քանի տասնյակ անձանց վստահությունը չարաշահել են ու խարդախությամբ գումար հափշտակել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նախնական տվյալներով՝ նրանք քաղաքացիներին հայտնել են, որ տարբեր կազմակերպությունների միջոցով Արցախի հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն պետք է ուղարկեն։ Քաղաքացիներին առաջարկել են իրենց անունով վարկեր վերցնել, որոնք կմարվեն օգնություն ուղարկող կազմակերպությունների կողմից։

Համաձայնվողներին վերցված վարկից որոշակի գումար են տվել՝ որպես «շնորհակալություն»։ Հետագայում նրանք չեն մարել վարկերը։ Նախնական տվյալներով՝ եռյակի հանցավոր գործունեությունից տուժած անձանց հասցված վնասը գերազանցում է 30․000․000 դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել