Նպաստների համակարգի փոփոխության հարցում առանցքային խնդիր է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը

«Աղքատության բազմաչափության ընդունմանն ու աջակցության համակարգին ուղղված բարեփոխումներն ունեն երկու սկզբունք։ Առաջինը՝  փորձել տարանջատել այն խմբերին, որոնց նկատմամբ այդ աջակցությունը պետք է ունենա կայուն բնույթ։ Այս դեպքում խոսքը հստակ տարանջատված սոցիալական խմբերի մասին է, ինչպիսիք են՝ երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն աշխատելու, որոշակի զբաղվածության միջոցով իրենց ապահովելու հնարավորություն և իսկապես ունեն այս կայուն աջակցության կարիքը: Մարդկանց երկրորդ խումբը, ում ուղղված պետք է լինի աջակցությունը, նրանք են, ովքեր ժամանակավորապես գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում, հետևաբար՝ աջակցության ամբողջ համակարգը պետք է ուղղված լինի հաղթահարելու այդ իրավիճակը, ձևավորելու կայուն եկամտի աղբյուրներ և անընդհատ տրվող  աջակցությունից կախված չլինելուն»,- այս մասին նպաստների համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրները, նաև աջակցության համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ու նպաստառուների շրջանում կայուն եկամտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, կարևորելով նմանօրինակ թեմաների շուրջ հանրային կարծիքի և քննարկումների ունեցած մեծ դերը, ներկայացրել է աղքատության հաղթահարմանն ու ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված կառավարության քաղաքականության առաջնահերթությունները։ Նա էական է համարել աջակցության համակարգի արդյունավետության ապահովումը, ինչի շնորհիվ «աղքատության և աջակցության միջև կապը կլինի ուղիղ»․ «Մեր ուսումնասիրության արդյունքում բացահայտել ենք, որ նպաստների գործող համակարգը շարունակում է պահպանել աղքատությունը, այսինքն՝ մարդիկ նպաստ ստանալով՝ շարունակում են մնալ աղքատ։ Նաև նպաստ ստացողների զգալի հատվածը շարունակում է մնալ համակարգում, այսինքն՝ ամեն ամիս ստանալով աջակցություն պետության կողմից, այդ մարդկանց սոցիալական վիճակը չի բարելավվում։ Կան նաև մարդկային գործոնով պայմանավորված խնդիրներ՝ սուբյեկտիվ և ոչ արդյունավետ չափանիշների առկայություն, հասցեականության որոշակի թերություն, համակարգից դուրս գալու մոտիվացիայի բացակայություն և այլն»։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծայրահեղ աղքատների՝ նպաստների համակարգում չընդգրկվելու դեպքերի հանգամանքների պարզաբանումը, այն պարագայում, երբ դրա կարիքը նրանք ամենաշատն ունեն․ «Ընթացակարգերը գծելով, մենք, այնուամենայնիվ, կախված ենք մնում մարդուց և սոցիալական ախտորոշման այն մակարդակից, որի միջոցով հենց բացահայտում ենք կարիքները։ Այս տեսանկյունից, առանցքային խնդիր է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը և այն համապատասխան պայմանների ձևավորումը, որոնք պիտի հնարավորություն ընձեռեն մարդկանց աշխատելու համար։ Այս նպատակով հաջորդ տարվա բյուջետային հայտի նախագծում ներառել ենք սոցիալական դեպքի վարման ֆինանասավորման կարգ, ինչը ենթադրում է՝ ֆինանսական միջոցներ հատկացնել տնայցերի համար, ինչը հատկապես մեծ խնդիր է գյուղական վայրերում, որտեղ միջհամայնքային տրանսպորտը զարգացած չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել