«Սանիթեքը» շուտով կներկայացնի մինչ այս ստվերում մնացած բոլոր փաստերը. հայտարարություն

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ընկերությունը մոտ օրերս կհրավիրի աննախադեպ մաշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով։

«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները:

Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։

Անդրադառնալով այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։

Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի կողմից հնչեցված հուզական մտքերին, ապա դրանք ավելի են դժվարացնում առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը և ընկերության բաժնետերերի կողմից նախաձեռնած կառուցողական երկխոսությունը տանում են փակուղի։

Ինչպես և նախկինում տեղեկացրել էինք, առաջիկա օրերին «Սանիթեք» ընկերությունը կհրավիրի աննախադեպ մաշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով: Ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:

Հարգանքով՝

«Սանիթեք» ընկերության տնօրինություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել