Նոտարին կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելը քրեորեն պատժելի կդառնա

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է ներկայացրել:

Նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելը՝ անկախ արարքի նպատակից՝ կպատժվի տուգանքով` 100-300 հազար դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ կպատժվի ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով։

Խմբակցությունը նշել է, որ նախագիծը մշակվել և շրջանառության մեջ է դրվել՝ պայմանավորված նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ փաստաթղթեր ներկայացնելը քրեականացնելու անհրաժեշտությամբ, քանի որ այդ արարքի ու դրա հետեւանքների հանրային վտանգավորությունը շատ բարձր է։

«Հարկ է նաև նշել, որ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բավականին վաղուց եւ այդ մասին արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում են նաեւ նոտարական համայնքի ներկայացուցիչները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոտարական գործողությունները քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար առաջացնում են նշանակալից հետեւանքներ, իսկ այդ գործողություններն իրականացնելիս նոտարները հիմք են ընդունում իրենց տրամադրված տեղեկատվությունն ու փաստաթղթերը, հետեւաբար չափազանց կարեւոր է, որպեսզի օրենսդրությամբ սահմանվի նոտարին կեղծված տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելու քրեաիրավական հետեւանք։

Ներկայացված նախագծով՝

–  Առաջարկվում է սահմանել այլընտրանքային սանկցիա (տուգանք, կալանք կամ ազատազրկում) նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելու համար։

–  Ընդ որում, «ակնհայտ կեղծ» բառակապակցությունն այստեղ նշանակում է, որ արարքը սուբյեկտիվ կողմից դրսեւորվում է դիտավորությամբ, քանի որ տեղեկատվությունը/փաստաթուղթը ներկայացնողի համար ակնհայտ է դրա կեղծ լինելու հանգամանքը։

–  Մեղքի այլ տեսակների դեպքում արարքը ենթակա չէ որակման այս հոդվածով։

–  Միաժամանակ, առաջարկվում է չսահմանել հատուկ նպատակ, քանի որ նոտարին ակնհայտ կեղծ տեղեկատվության/փաստաթղթի ներկայացումն ինքնին հանրային բարձր վտանգավորության արարք է։

–  Որպես արարքը որակյալ դարձնող (ծանրացուցիչ) հանգամանք՝ առաջարկվում է սահմանել ծանր հետեւանքներ առաջացնելը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել