Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։
Նախագծերով առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով այդ բյուջեներից՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության եւ առաջնահերթության:
Սահմանվել է, որ 3 անգամից ավելի պարգևավճար տալ հնարավոր չի լինի։
Նշված է, որ նախագծերի ընդունմամբ կապահովի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:
Հիմնավորման մեջ նշված է, որ կառավարության 2019թ. ծրագրով ՀՀ կառավարությունը նպատակ է դրել վերանայելու պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե եւ հետագայում, ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն այդ բյուջեներից:
Հանրային կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով կարեւորվում է կառավարման այնպիսի էլեկտրոնային համակարգերի ներդրումը եւ աստիճանական ինտեգրացիան, որոնք կապահովեն պաշտոնյաների գործունեության, ինչպես նաեւ կառավարման մարմինների, օղակների եւ գործընթացների թափանցիկություն, տվյալների անփոփոխելիություն, միասնականություն եւ ավտոմատացում։
Կառավարությունը նաեւ մտադիր է դիտարկել գնումների կամ բյուջետային այլ ծախսերի անարդյունավետության դեպքում պետությանը պատճառված վնասի հիմքով իրավական հետեւանքների կիրառման եւ դրանք պետական բյուջե հետ վերադարձնելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը:
2019 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակը կառուցվում է ՀՀ կառավարության` 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրի առաջնահերթությունների շուրջ:
Ակներեւ է նաեւ այն, որ որեւէ տնտեսական քաղաքականության հաջողության գրավականը հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի առկայությունն է, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ստեղծումը: