Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի Գուրգեն Գրիգորյանի (նախկինում դատված չի եղել):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ խմբի կազմում, տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012 թ-ին մինչև 11.06.2012թ-ի ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով` խոշտանգել են Գ.Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին և տատիկին` Նազիկ Կարապետյանին.
Գործով որպես իրեղեն ապացույցներ են հանդիսանում երկու DVD և երկու CD սկավառակները՝ փաթեթավորված և կնիքված երկու փաթեթներով:
Խոշտանգումը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:
Խոշտանգումը ցանկացած այնպիսի գործողություն է, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ, մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net