Վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն հինգ տարի, այսինքն վարկային բյուրոն Ձեր վարկային զեկույցում չի ներառում Ձեր վերաբերյալ հինգ տարուց ավելի տեղեկատվությունը:Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից:
««Վատ վարկային պատմություն» ունենալ նշանակում է ունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ դասակարգված) վարկեր, կամ հանդիսանալ վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավորող: Այն պահին, երբ խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունն այլևս չի արտացոլվում վարկային զեկույցում, նշանակում է, որ Ձեր վարկային պատմությունը բարելավվել է, և դուք այլևս չեք ունենում «վատ վարկային պատմություն» ունեցողի կարգավիճակ: Դա հնարավոր է հետևյալ դեպքերում.
- սկսած ներկա պահից՝ հինգ տարուց ավել ժամանակահատվածում վարկատուն Ձեր խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացրել,
- եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է, և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված,
- եթե Ձեր խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված է վերջնական մարման ամսաթիվ, որն ունի հինգ տարուց ավել վաղեմություն»,-նշվում է հայտարարությունում։