Ներկայումս իրականացվող քաղաքականության համար լավագույն ճանապարհը եկամտային հարկի համահարթ դրույքաչափի կիրառությունն է. կառավարությունը՝ եկամտային հարկի մասին

Եկամտային հարկի համահարթեցման դեմ «Ահազանգ» նախաձռնությունը ստացել է կառավարության պատասխանը՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափ կիրառելու մոտեցումից հրաժարվելու առաջարկության վերաբերյալ:
«Նախ, հայտնում ենք, որ եկամտային հարկի դրույքաչափերի ցանկացած տարբերակ ունի իր դրական և բացասական կողմերը: Բացի այդ, գտնում ենք, որ գործնականում հնարավոր չէ ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձևով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի և հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումն անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում է լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով:
Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի այն տարբերակները, որոնք հարկաբյուջետային կայունության տեսանկյունից խիստ ռիսկային չեն (այսինքն՝ ենթադրում են պետական բյուջեի եկամուտների կորստի այնպիսի մակարդակ, որը կարող է որոշակիորեն փոխհատուցվել հարկային քաղաքականության այլ ուղղություններով իրականացվող փոփոխությունների և (կամ) հարկային վարչարարության հաշվին), ըստ էության, չեն լուծում վերոնշյալ խնդիրներից և ոչ մեկը՝ հետևյալ նկատառումներով պայմանավորված.
  1. նշված պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը ցածր եկամտային խմբում գտնվող անձանց տնօրինվող եկամուտները չեն ավելացնում այն չափով, որպեսզի հնարավոր լինի եկամուտների վերաբաշխման խնդիրը լուծված համարել: Այլ կերպ ասած՝ այս խմբում գտնվող անձանց տնօրինվող եկամտի ավելացվող մասն այնքան փոքր է ստացվում, որ չի կարող էականորեն նպաստել նրանց բարեկեցության կամ սոցիալական վիճակի բարելավմանը,
  2. պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը նախընտրելի լուծում չէ նաև ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու՝ տնտեսական շարժառիթների ձևավորման քաղաքականության տեսանկյունից, քանի որ գտնում ենք, որ, այլ հավասար պայմաններում, եկամտային հարկի հաստատուն դրույքաչափերի կիրառությունն ավելի արդյունավետ է այս խնդրի լուծմանը նպաստելու առումով՝ հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր անգամ, երբ հարկման նպատակով ինչ-որ շեմեր են սահմանվում, հարկ վճարողների առաջնային արձագանքը կամ վարքագիծը լինում է բոլոր հնարավոր ձևերով այդ շեմերից ներքև հարկման բազաներ հայտարարագրելը,
  3. պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը գործնականում նշանակում է ավելի մեծ չափով հարկել «որակյալ» աշխատուժը, որը բնույթով ավելի արտադրողական է և, այլ հավասար պայմաններում, առավել հաճախ օգտագործվում է արտահանմանը կողմնորոշված ու տնտեսական աճին նպաստող ճյուղերում: Այս առումով, գտնում ենք, որ եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը հակադրվում է նաև ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը բարձրացնելու, և դրանով իսկ՝ արտահանման աճի տեմպերն արագացնելու ու կայուն տնտեսական աճի նախադրյալներ ձևավորելու քաղաքականությանը,
  4. ի վերջո, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ տնտեսության մասնավոր հատվածում վարձու աշխատողներն ու գործատուներն աշխատանքային փոխհարաբերությունների ձևավորման համատեքստում գործնականում համաձայնության են գալիս տնօրինվող աշխատավարձի մեծության շուրջ: Հետևաբար չկա որևէ երաշխիք, որ եկամտային հարկի գծով բեռի իջեցումը հանգեցնելու է բարձր աշխատավարձեր ստացողների տնօրինվող եկամուտների մեծացման և որ գործատուները համապատասխանաբար չեն նվազեցնելու աշխատավարձերի անվանական մեծությունները՝ նպատակ ունենալով օպտիմալացնել իրենց կողմից կատարվող ծախսերը:
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ գտնում ենք, որ հարկաբյուջետային կայունության տեսանկյունից խիստ ռիսկային համարվող եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը հասարակության սոցիալապես խոցելի խմբի համար որևէ էական խնդիր չլուծելով հանդերձ, կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների մեծ կորստի և փոխարենը որևէ կերպ չի նպաստելու ինչպես ստվերային աշխատավարձերի և զբաղվածության բացահայտման խնդրի լուծմանը, այնպես էլ ազգային տնտեսության մրցունակության ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը:
Հետևաբար, ընդհանուր առմամբ, ընդունելով և գնահատելով եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառության բոլոր առավելությունները՝ կարծում ենք, որ ներկայումս իրականացվող քաղաքականության համար լավագույն ճանապարհը եկամտային հարկի համահարթ դրույքաչափի կիրառությունն է։
Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ մեր կողմից կատարված և հրապարակված վերլուծությունների ու հաշվարկների համաձայն՝ ակնկալվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնեն շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող հիմնական ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մասնավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4 տոկոսային կետի չափով, իսկ զբաղվածության աճը՝ շուրջ 0.5 տոկոսային կետի չափով:
Հայտնում ենք նաև, որ Համաշխարհային բանկի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջարկվող փոփոխությունները միջնաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կունենան նաև աղքատության մակարդակի կրճատման վրա՝ շուրջ 2 տոկոսային կետով կրճատելով աղքատության մակարդակը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծով առաջարկվող՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափ կիրառելու մոտեցումից հրաժարվելու առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար»,-նշված է կառավարության պատասխանում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել