ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1990թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2019թ. մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «ВКонтакте.com» սոցիալական կայքի օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած քրոջը շփվել իր հետ` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 144-րդ հոդվածով:
2019 թվականի մայիսի 6-ին Լոռու մարզի մեկ այլ բնակչուհի էլ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային էջին հասցեագրել է դիմում այն մասին, որ Տավուշի մարզի բնակիչը շանտաժի միջոցով հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքի առթիվ հարուցված՝ վերը նշված քրեական գործին:
Քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:
Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը: Հիշյալ լուսանկարը ստանալուց հետո երիտասարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Սպառնացել է հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ գտնվող լուսանկարներն ուղարկել անչափահաս աղջկա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Բացի այդ, նույն անձը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի մեկ այլ բնակչուհու հետ և նույն կերպ, այն է՝ փոխադարձ շփման ընթացքում ներգործել է բնակչուհու հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել նրան, պահանջել և ստացել վերջինիս մերկ լուսանկարները: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով, պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ և սպառնացել իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում և ուղարկել նրանց` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն անձը ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, որոնք ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում իր մոտ առկա լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին՝ նմանատիպ և այլ վտանգներից երեխաներին պաշտպանելու համար խստորեն հետևել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: