50 հազար դրամը գերազանցող ապրանքներ օտարելու դեպքում խստացվել է պատասխանատվությունը. տուգանք՝ 1 միլիոն 500 հազար դրամ

Կառավարության կողմից այսօր հավանության է արժանացել «Մաքսային ծառայության մասին» «Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է սահմանափակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով այդ բյուջեներից՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության և առաջնահերթության: Նախագծերի ընդունմամբ կապահովի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման և մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են գործարարության զարգացմանը և խրախուսմանը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսական գործունեության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների և պետության ֆինանսական իրավաչափ շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Օրինագծերով առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել համապատասխան նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը, դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ առաջարկվում է նաև ՀՀ հարկային օրենգրքով նախատեսվող՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա՝ 50 հազար դրամը գերազանցող ընդհանուր արժեքով ապրանքներ օտարելու դեպքում խստացնել պատասխանատվությունը՝ սահմանելով նվազագույնը 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։

Նախագծով չի բարձրացվել մինչև 50 հազար դրամ ընդհանուր արժեքով ապրանքների օտարման իրավախախտումների համար սահմանված տուգանքները, քանի որ նշված իրավախախտումները կատարող տնտեսվարողների գերակշիռ մասը հանդիսանալու են ՓՄՁ սուբյեկտներ, իսկ ՀՀ հարկային օրենսգրքով այդ իրավախախտումների համար արդեն իսկ սահմանված են բարձր տուգանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել