Վարչական տույժը կնշանակվի ստուգման ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում. ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

37-րդ հոդվածի՝ ներկայումս գործող խմբագրության համաձայն՝ եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ստուգման ակտերը ենթակա են կատարման անբողոքարկելի դառնալու դեպքում՝ հետևաբար դրանցով արձանագրված խախտումների դեպքում ՎԻՎ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միայն դրանց անբողոքարկելի դառնալուց հետո:

Նախագծով  ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 8.1 մասով, որով սահմանվել է, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել