Այսօր՝ մարտի 14-ին, վճռաբեկ դատարանում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ քննվում էր հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ դատավորի կողմից ձերբակալման որոշման օրինաչափության հարցը:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ԲԴԽ անդամներին ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, տիրապետելով այն տեղեկատվությանը, որ անձը ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում, անտեսել է նրան ձերբակալաման հիմքի բավարար առկայությունն ու անձի ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ:
ԲԴԽ-ն բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հայտարարել է նկատողություն:
Նշված որոշմամբ արձանագրվել է հետևյալ կարգապահական խախտումը. բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի ձերբակալման դեմ՝ վերջինիս փաստաբանների կողմից բերված բողոքը, ըստ այդմ էլ՝ ոչ իրավաչափ գնահատելով ձերբակալումը և վերջինիս արգելանքից ազատ արձակելով, դատավոր Ա. Դանիբեկյանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.1. հոդվածը և ակնհայտ սխալ է մեկնաբանել 131.1. հոդվածը:
Ըստ Կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ ձերբակալման արձանագրության թարգմանության օրինակը ձերբակալվածին տրամադրելու ժամկետը պահպանելու հարցի իրավաչափությունը գնահատելիս, կիրառելի էր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, այլ «Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերին համապատասխան» վերտառությամբ 54-րդ գլխի նորմերը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը պահանջելու վերաբերյալ դատավորի դիրքորոշումը չի բխում օրենսդրության պահանջներից, քանզի դրանց առկայության հարցերը դատարանում կարող են քննարկման առարկա դառնալ ձերբակալված անձի ժամանակավոր կալանավորման կամ հանձնման համար կալանավորման միջնորդությունները քննարկելիս: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողությունների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևապես, նրա կողմից թույլ տված նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումը կրում է կոպիտ բնույթ:
Բարձրագույն դատական խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, 2019 թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից արձանագրված կարգապահական խախտումը գնահատեց ակնհայտ և կոպիտ, և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, դատավոր Ա. Դանիբեկյանին հայտարարեց նկատողություն:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն