Մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է օպերայի շենքի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Օպերայի տարածքում էին Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներ:
Երեկ սրճարանների աշխատակիցները դիմադրություն ցույց տվեցին: Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը որպես միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նույն օրը սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն: Ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվեց:
Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրին օպերայի շենքի հարակից տարածքներն ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։
Քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ այսօր՝ մարտի 14-ին կշարունակվի սրճարանների ապամոնտաժումը:
Սրճարանի աշխատակիցներն ի նշան բողոքի փակեցին Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը: Երթևեկությունն այդ հատվածում կաթվածահար եղավ: Ոստիկանները փորձեցին ուժով հեռացնել նրանց նշված տարածքից: Նրանց մեջ բախում եղավ: Հրմշտոցի հետևանքով աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:
Ոստիկանությունից Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանություն է տարվել 16 քաղաքացի:
«Ատմոսֆերա» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից ոչ մի աշխատատեղ չի բացվել այս ամիսների ընթացքում, իսկ հիմա ցանկանում են աշխատանքից զրկել այդ սրճարաններում աշխատողներին: «Իմ քայլը» դաշիքնի ժոովրդի 90 տոկոսը, որը փողոցներ էր փակում, այսօր չեն աշխատում: Իրենք գալիս ամբողջ օրն իմ սրճարանում են լինում, ու ես իրենց հաշիվ չեմ տալիս: Երեսով չեմ տալիս, լավ եմ անում, ինչքան հնարավորություն ունենամ անելու եմ, բայց սա հիմա այս երեխաների իրավունքն է: Դուք ու՞մ դեմ եք դուրս եկել:
Ես իմ աշխատողների հետ դուրս եմ եկել փողոց եմ փակում, ես էլի սոված չեմ մեռնի, ես էլի կապրեմ ամբողջ կյանք, բայց էս երեխեքը չեն ապրի: Հավաքարար ունեմ, որ գժանոցում երեխա է պահում, ամոթ է, դուք ու՞մ դեմ եք դուրս եկել»,- իր վրդովմունքն էր ոստիկաններին հայտնում նա:
Վիկտոր Մնացականյանը հայտարարել էր, որ այդ սրճարանն իրեն հատկացված տարածքի համար 90 հազար դրամ է վճարել: Էլիզաբեթ Ղազարյանը նշեց, որ դա այդպես չէ ու միայն մի հատվածի համար է 90 հազար դրամ վճարվում, դրանից բացի նրանք վճարում են երկու այլ տարածնքների համար 800 հազար դրամ և շուրջ 200 հազար դրամ:
«Մենք սեզոնին ունենում ենք 28 գրանցված աշխատող, օրինական, ամեն ինչ գրանցված, ոչ սեզոնին՝ 10 աշխատող: Սա վարձակալություն է մինչև 2026 թիվը: Մեր պահանջն է գոնե մինչև 2023-24 թիվը թողեն մենք աշխատենք, հետո մենք մեր միջոցներով էլ կքանդենք, կկանաչապատենք ու հետ կտանք հանրությանը, մեր պահանջը դա է, ոչ թե ծեծով, ջարդով, ստով»,- հայտարարեց «Ատմոսֆերա» սրճարանի սեփականատերը:
«Մոնտալ» սրճարանի աշխատակիցը նշեց, որ անմարդկային է զրկելն իրենց օրվա գումարից: «Մենք ուզում ենք աշխատել մեր աշխատավայրում, որտեղ սովորել ենք, որտեղ աշխատում ենք: Ոչ մի քաղաքական բնույթ սա չի կրում, մենք ուղղակի ուզում ենք մեր հանապազօրյա հացը վաստակել մեր սրճարանում, որտեղ աշխատում ենք: Անգամ եթե այդ բոլոր 500 աշխատողին տեղավորեն, մոտ 2 ամիս ժամանակ կգնա, երկու ամսվա մեջ պատկերացրեք որքան կոմունալ, հացի ջրի փող կգնա, մենք դա ո՞նց ենք պահելու»,-նշեց նա:
Օպերայի շենքի տարածք էր եկել նաև քաղակտիվիստ Վարդգես Գասպարին, ով իր աջակցությունն էր հայտնում իշխանություններին:
«Ես այստեղ հայտարարում եմ, ոչ միայն քաղաքապետարանին եմ պաշտպանում, այլ նաև իրավապահներին, ովքեր ապահովում են այս գործընթացների անվտանգությունը: Այսօր ոստիկանությունը նախկին իշխանության ոստիկանությունը չէ, ռեժիմի գործակատարը չէ: Ասյօր ոստիկանությունը պաշտպանում է օրինականությունը, ես աջակցում եմ նրանց»,- նշեց Վարդգես Գասպարին:
Ցուցարարներն ամեն կերպ փորձում էին թույլ չտալ քանդել սրճարանների արդեն կիսաքանդ կոնստրուկցիաները: Նրանք մտել էին դրանցից մեկի տակ ու հարվածներ էին հասցնում կոնստրուկցիաներին՝ գոռալով. «Թողեք աշխատենք», «Հանգիստ նստեք տեղներդ»:
Ոստիկաններոը ձեռքերով պահեցին կիսաքանդ շինության տարիքը, որպեսզի այն չընկներ ցուցարարաների վրա:
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նշեց, որ քաղաքապետարանը հետ չի կանգնի իր մտքից, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում ու տարածքն անպայման ապամոնտաժվելու է:
Նա կոչ արեց չտրվել աշխատակիցների գոռգոռոցներին ու համակերպվել, որ Երևանն արդեն տեր ունի:
Հավելենք, որ տեղում էին նաև ավագանու մի շարք անդամներ, ավելի ուշ նաև պատգամավորներ:
18:40-ի դրությամբ Վիկտոր Մնացականյանը հայտարարեց, որ ապամոնտաժման աշխատանքներն այսօրվա համար ավարտվում են և կշարունակվեն վաղը: