Փետրվարի 27-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:
«Թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը մեր օրակարգում է և առաջնային խնդիրներից է: Համակարգի դրույքների հետ կապված երեկ էլ մարզպետների հետ մեծ հանդիպում ենք ունեցել: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո արդեն կխոսենք աշխատավարձերի բարձրացման մասին: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Այս պահին թիվ չեմ ասի: Հիմա մենք դա կանենք բյուջեով նախատեսված մեր միջոցների խնայողությունների հաշվին: Եթե սեպտեմբերից լինի բարձրացումը, բյուջեի վրա մեծ ճնշում չի լինի: Հաջորդ տարվա բյուջեից արդեն այդ ուղղությամբ մեծ հատկացում կպահանջվի, կգտնենք այդ միջոցները»,-նշեց նա և հավելեց, որ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու, վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա: