ՀՊՏՀ-ում պետք է վերացվեն բոլոր միջնորդությունները. ես ինքս դրանք կտրուկ մերժում եմ՝ առանց որևէ բացառության. Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի 1-ին ընդգրկուն հանդիպումը համալսարանի ուսանողների հետ այսօր տևեց շուրջ 4 ժամ: Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց համալսարանում նախատեսվող փոփոխությունները, ռազմավարական ծրագրի գերակայությունները, մանրամասն պատասխանեց ուսանողների տասնյակ հարցերին:

«Ես իմ նշանակումից ի վեր զգում էի այս հաղորդակցության կարիքը, ձեզ հետ շփման և ձեզ հետ խնդիրների քննարկման, որովհետև նույնիսկ իմ նշանակման լուրերից սկսած՝ ես արդեն փորձում էի ախտորոշել այն բոլոր խնդիրները, որոնք այս պահին առկա են համալսարանում և, բնականաբար, դրանց լուծման համար պետք է հետևողական աշխատանք կատարել: Եվ այս առումով, ցանկանում են նշել, որ դուք՝ ուսանողներդ, լինելու եք մեր քաղաքականության կենտրոնում» , – դիմելով ուսանողներին՝ հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը, ապա ավելացրեց. «Համալսարանի պաշտոնական կայքից ու նաև ֆեյսբուքյան էջից դուք արդեն գիտեք, որ մեր բարեփոխումները մեկնարկել են, գործընթացները և հայտարարությունները հասանելի կերպով ներկայացվում են, սակայն պետք է նշեմ, որ խնդիրները շատ են և դրանց լուծումները հեշտ չեն»: Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝  որպես պետական բուհ, Տնտեսագիտական համալսարանն ունի 2 կարևոր առաքելություն՝ որակյալ կադրերի պատրաստում և տնտեսագիտական հետազոտությունների իրականացում, որի ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ: Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ դասախոսներին պետք է տրվի հնարավորություն՝ բարելավելու իրենց դասավանդման որակը, իսկ ուսանողներին հնարավորություն՝ արժևորելու կրթությունը, և պարզապես դիպլոմի համար բուհ եկած ուսանողը, կամ աշխատավարձի համար աշխատանքի եկող դասախոսը չի կարող շարունակել իր հետագա գործունեությունը: «Իհարկե, այստեղ մենք կհանդիպենք բարդությունների, բայց այդ բարդությունները հաղթահարելի են»,- ասաց նա:

«ՀՊՏՀ-ում պետք է վերացվեն բոլոր միջնորդությունները. ես ինքս դրանք կտրուկ մերժումեմ՝ առանց որևէ բացառության»,- հայտարարեց համալսարանի ղեկավարը, այնուհետևնախատեսվող փոփոխություններից առանձնացրեց դասախոսությունների մեթոդաբանության բարելավումը՝ ընդգծելով, որ թելադրությունների ձևով տրվող դասախոսությունները սեպտեմբերից կդադարեցվեն, ամբողջությամբ կվերակառուցվի պրակտիկաների կազմակերպման գործընթացը, կվերանայվի քննությունների անցկացման կարգը, կներդրվեն կոնկրետ պատասխանատուներով հետադարձ կապի հստակ մեխանիզմներ՝ ուսանողներին հուզող հարցերին պատշաճ լուծում տալու համար: «Երկու գլխավոր օղակ կա՝ դուք՝ ուսանողներդ, և մենք՝ համալսարանի բարձրագույն ղեկավարությունը: Եվ մենք միասին պետք է կարողանանք փոխել մեր համալսարանը, այն դարձնել ավելի լավը, հակառակ դեպքում այստեղ իմ գալու առաքելությունը ես կհամարեմ չիրականացված: Եվ որ ամենակարևորն է, սիրելի ուսանողներ, դուք պետք է դառնաք այս գործընթացների սրտացավ և պահանջատեր վերահսկողը»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:

Այնուհետև ուսանողները ներկայացրին իրենց հարցերը, որոնք մի քանի տասնյակ էին: Դրանցից առանցքայինները վերաբերում էին արտադրական պրակտիկաների կազմակերպմանը, որոնք ուսանողների խոսքով, լավ չեն կազմակերպված և խնդիրներ են ստեղծում: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ տեղյակ է խնդրին, վաղը ևեթ պատասխանատու ստորաբաժանմանը խնդիրն արագ լուծելու հանձնարարական կտա, այնուհետև ընդգծեց, որ այս պահին քննարկվում է պրակտիկաների հայեցակարգը փոխելու հարցը. նախ՝ փորձելով դրանք իրականացնել արդեն երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից սկսած, ապա՝ փորձառությունները կազմակերպել ըստ առարկաների: Ռուբեն Հայրապետյանը նաև ընդգծեց, որ այս փուլում ինքն ակտիվ հանդիպումներ է ունենում խոշոր կազմակերպությունների հետ և քննարկումների թվում է նաև այդ կազմակերպություններում մեր ուսանողների պրակտիկայի պատշաճ կազմակերպումը:

Մեկ այլ հարցադրմանը, թե ինչու ուսանողները ի սկզբանե չեն կարողանում ծանոթանալ իրենց դասավանդվող առարկաների բովանդակությանն ու ակնկալվող վերջնարդյունքներին, Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց, որ դա անհրաժեշտություն է և շուտով դրանք հասանելի կերպով կներկայացվեն ուսանողներին, սակայն մինչ այդ խիստ կարևոր է, որ առարկայական ծրագրերի որակը բարելավվի: Օտար լեզուներին հատկացվող ժամաքանակը մեծացնելու մասին հարցին համալսարանի ղեկավարը պատասխանեց, որ մեր բուհում խնդիրը մասնագիտական օտար լեզվի բարելավումն է և այս համատեքստում  ոչ այնքան օտար լեզվին հատկացվող ժամանքանակի ավելացումն է կարևոր, որքան մատուցվող ծառայության որակի բարելավումը:

«Ռոտացիոն անարդար բոլոր երևույթները պետք է նվազեցվեն»,- հայտարարեց ռեկտորի պաշտոնակատարը՝ արձագանաքելով ուսանողներից մեկի մտահոգությանը, թե ներկա համակարգն անարդար է և որպես կարճաժամկետ լուծում՝ լավ կլինի վերադառնալ նախորդ համակարգին: Բուհի ղեկավարը խոստացավ. «Ռոտացիոն ավելի արդյունավետ համակարգի մասին կմտածենք»:

Մի շարք հարցերին հնչած պատասխաններից առանձնացնենք ռեկտորի պաշտոնակատարի հետևյալ պատասխանները՝ համալսարանի բուժկետը կսկսի գործել առաջիկա 2 ամսում, դուալ մասնագիտությունների ներդրման հնարավորությունն արծարծվում է բուհի ներկայումս պատրաստվող ռազմավարական ծրագրում, ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում ասպիրանտների և դասախոսների հոդվածների տպագրման նախնական շրջանում համալսարանի ղեկավարությունը հոնորարներ կհատկացնի, մագիստրատուրայում երեկոյան ուսուցման ներդրումը քննարկման դրված հարց է , ուսման վարձերի զեղչման ներկա կարգը վերանայման կարիք ունի, բայց այն, որ առանցքում պետք է մնա բարձր առաջադիմության չափանիշը, անքննարկելի է:

Եզրափակելով ընդարձակ հանդիպումը՝ Ռուբեն Հայրապետյանը ևս մեկ անգամ կոչ արեց ուսանողներին ներգրավվել համալսարանը բարեփոխելու գործընթացում, հարցերն ու մտահոգությունները ներկայացնել պարզ և ուղիղ՝ զերծ մնալով տարատեսակ հարթակներում անհիմն քննարկումներից: «Մենք ձեզ հետ՝ բոլորով միասին, կկարողանանք առաջիկայում արդյունքներ գրանցել: Արդյունքներ գրանցել՝ չի նշանակում, որ բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն կլինեն ակնհայտ փոփոխություններ»,- ասաց ՀՊՏՀ ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել