2012 թվականի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց 962 միլիոն ԱՄՆ դոլարի արժողություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» (Ծրագիր) կառուցման Երևան-Արարատ ավտոճանապարհի կմ 9+312-կմ 15+800 շուրջ 6.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջև 15.09.2009թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Ծրագրի 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ծրագրի նպատակն է Հայաստանի և Իրանի սահմանային հատման կետից մինչև Հայաստանի և Վրաստանի սահմանային հատման կետը 556 կմ բարձրակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան, բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը: Ծրագրով շինարարության իրականացման մրցույթում հաղթել է «Իզոլուքս Կորսան» իսպանական ընկերությունը: Նախատեսվում է Ծրագիրն ավարտին հասցնել 2017 թվականին:
Հարց է առաջանում. արդյո՞ք ՀՀ Կառավարությունը չունի մտավախություն, որ այս Ծրագրի գումարները ևս կփոշիացվեն, ասենք ավտովարորդներին իսպանական շնչով և ոճով, հայկական հումքից պատրաստված բետոնապատ ճանապարհներից օգտվելու կանոնները սովորեցնելու դասընթացքներ կազմակերպելու վրա, ինչպես դա արվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ) Ծրագրում գյուղացիների համար դասախոսություններ կարդալու վրա: Չմոռանամ ընթերցողի հիշողությունը թարմացնել և հիշեցնել ՀՄՀ-ի Ջրից դեպի շուկա (ՋդՇ) բաղադրիչին վերաբերող ծախսերի շուրջ մեկ ամիս առաջ առաջացած վեճը, թե իրականում որքա՞ն գումար է ծախսվել գյուղացիների համար դասախոսություններ կարդալու վրա: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» հրապարակած տվյալների՝ վերապատրաստումների բաղադրիչի պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 18.7 միլիոն դոլար:
Մտավախությունս անտեղի չէ և ունի իր հիմքեր:
ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք (https://northsouth.am), որ Ծրագրի Երևան-Արարատ Մ2 ճանապարհի շինարարության մեկնարկի շրջանակներում 2012թ. հոկտեմբերի 8-17-ը տեղի են ունեցել հանրային իրազեկման հանդիպումներ շինարարության իրականացման հատվածում գտնվող մի շարք համայնքների բնակիչների հետ: Մասնավորապես, մեջբերում եմ. «…Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ Ծրագրի հնարավոր սոցիալական ազդեցությունների կանխարգելմանն ու սոցիալական պաշտպանության պահանջների պահպանմանը, մասնավորապես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մարդկային թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցմանը շինարարության մեջ ներգրավված աշխատողների և տեղական համայքի բնակչության (կանանց) շրջանում: … Առանձին հանդիպում կազմակերպվեց նաև համայնքի կանանց հետ, որի ընթացքում քննարկվեցին ճանապարհի շինարարության հետ կապված կանանց մտահոգություները և առաջարկությունները: …:»: Եվ սա միակ հանրային իրազեկման հանդիպումը չէ:
Անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի շինարարության մեջ ներգրավված անձանց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մարդկային թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման հետ: Միթե՞ սա նույն ՀՄՀ Ծրագրի դասընթացների նույնաբովանդակ շարունակությունը չէ: Եթե հաշվի առնենք, որ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականին (նախատեսվում է, սակայն եթե այս տեմպերով շարունակվի, դժվար թե ժամանակին ավարտվի), ապա կարելի է ենթադրել, որ ավելի քան հինգ տարի շարունակ Ծրագրի գումարները վատնվելու են նաև նման անհեթեթ դասընթացների վրա: Չեմ կարծում Կառավարությունը համաֆինանսավորեր մի ծրագիր, որտեղ ճանապարհներ կառուցելու հետ միաժամանակ մարդկանց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մարդկային թրաֆիքինգի վերաբերյալ դասընթացներ էլ կազմակերպվեր: Դրանք ուղիղ համեմատական չեն և ընդհանրապես, խելամիտ չեն:
Փաստն այն է, որ Ծրագրի փողերն աննպատակային են օգտագործվում, իսկ դրանք միլիոնների հասնող գումարներ են:
ԾԱՆՈՒՑՈՒՄ:
Ծրագիրը տրոհված է առանձին տրանշերի`
Տրանշ 1-ով` (ԱԶԲ վարկ 60 մլն. ԱՄՆ դոլար և ՀՀ Կառավարության համաֆինանսավորում` 10 մլն. ԱՄՆ դոլար) ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առանց հողերի օտարման Երևան-Աշտարակ /11.403կմ/ և Երևան-Արարատ /38.105կմ/ ճանապարհահատվածների վերակառուցում,
Տրանշ 2-ով` (ԱԶԲ 170 մլն.ԱՄՆ դոլար և ՀՀ Կառավարության համաֆինանսավորում` 40 մլն. ԱՄՆ դոլար) ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Աշտարակ-Թալին 41.9 կմ ճանապարհահատվածի վերակառուցում,
Տրանշ 3-ով` որի վարկային համաձայնագիրը դեռևս չի ստորագրված, նախատեսվում է Թալին-Գյումրի 45.567 կմ ճանապարհահատվածի վերակառուցում:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) մտադիր է համաֆինանսավորել Ծրագրի 4-րդ տրանշը։ 4-րդ տրանշով ԱԶԲ-ն Հայաստանին պետք է հատկացնի 100 միլիոն։ Գումարների հատկացման հարցը բանկի տնօրենների խորհուրդը կքննարկի 2014թ. մայիսին։
Նախագծով նախատեսվում է ապահովել 100 կմ/ժամ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով արագընթաց մայրուղի: Յուրաքանչյուր երթևեկելի մասը ունենալու է 2 երթևեկելի շերտ` յուրաքանչյուրը 3.6 մ լայնությամբ, ինչպես նաև 3.8 մ կենտրոնական բաժանիչ գոտի կահավորված չընդհատվող մետաղական արգելափակոցներով` ճանապարհից օգտվողների անվտանգությունն ապահովելու համար: Գյուղատնտեսական ստորգետնյա անցումները կապահովեն գյուղատնտեսական մեխանիզմների, ինչպես նաև ընտանի կենդանիների անվտանգ անցումը: