Քաղաքապետի որոշմամբ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կստեղծվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իմնադրման միջոցով ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

Որոշմամբ սահմանվում է, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

  • ա) մշակել և իրականացնել Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կանոնակարգման համալիր ծրագիր,
  • բ) իրականացնել Երևան քաղաքում առկա թափառող շների վիճակագրության ուսումնասիրություններ, համարակալման, քարտեզագրման, նույնականացման և խնամքի աշխատանքներ,
  • գ) համագործակցել ոլորտում մասնագիտացած միջազգային, տեղական մասնագիտական և հասարակական կազմակերպությունների հետ, համատեղ մշակել և իրականացնել թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր,
  • դ) իրականացնել Երևան քաղաքում առկա թափառող կենդանիների անասնաբուժական ծառայություններ (ախտորոշումներ, պատվաստումներ, բուժումներ, վիրահատություններ, խնամք և այլն),
    ե) իրականացնել թափառող կենդանիների խնդիրների լուծմանը նպաստող կրթական և իրազեկման աշխատանքներ:

Նշվում է նաև, որ կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:

Կազմակերպությանը թույլատրվել է նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

  1. իրականացնել կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կանոնակարգման համալիր ծրագրեր,
  2. իրականացնել կենդանիների վիճակագրության ուսումնասիրություններ, համարակալման, քարտեզագրման, նույնականացման և խնամքի աշխատանքներ,
  3. իրականացնել կենդանիների անասնաբուժական ծառայություններ (ախտորոշումներ, պատվաստումներ, բուժումներ, վիրահատություններ, խնամք և այլն),
  4. իրականացնել կենդանիների խնդիրների լուծմանը նպաստող կրթական և իրազեկման աշխատանքներ:

Նույն որոշմամբ հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետին` օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստել Կազմակերպության կանոնադրության և հաստիքացուցակի նախագծերը՝ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար:
Իսկ որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի վրա:

Որոշման կատարման հսկողությունը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:
Քաղաքապետի որոշումն ուժի մեջ կմտնի այն հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել