Մայրաքաղաքում ավելացել են բնակարանային գողությունները. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհդրակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին, հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքներին, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակին, ինչպես նաև դատախազության մյուս գործառույթների իրականացման արդյունավետությանն առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին և արձանագրված թերություններին:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ 2018թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 11344 դեպք, նախորդող տարվա 10324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Գրանցված հանցագործության դեպքերի թվաքանակի աճը պայմանավորվել է միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճով:

2018թ. հանցագործությամբ պատճառված 1.981.242.023 դրամ վնասից վերականգնվել է 623.820.833 դրամը: Վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով:

2018թ. ընթացքում Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 12 դեպք՝ նախորդ տարվանից մեկով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ նախորդող տարվա 80%-ի դիմաց կազմելով 85.7%:

91-ով կամ 19.8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (368-459), 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ (86-89): 10.7%-ով կամ 3-ով նվազել են ավազակության դեպքերը (25-28):

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս:

Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից: Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ պատշաճ որակով չեն իրականացվում նաև բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունները:

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների՝ այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները և վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին և դատախազներին, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել՝ որքանով են այն ժամանակ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաև նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ դատախազության կողմից խնդիրը բարձրացնելուց հետո քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը տեսագրող սարքերով և կոդավորված փականներ ուենցող դռներով կահավորելու ուղղությամբ, սակայն  առաջիկայում գործընթացն ավելի կակտիվացվի:

2018թ. Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում զգալի են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 111 (2017թ.՝54), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 113 (2017թ.՝99) դեպքերը: Կոռուպցիոն հանցագործությունների թվի աճը  պայմանավորվել է դրա դեմ պայքարի աշխատաքների բարելավմամբ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ յուրաքանչյուր կոռուպցիոն հանցագործության դեպքի բացահայտման և պաշտոնատար անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալուց հետո պետք է պարտադիր քննարկման առարկա դարձնել նրա նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ պաշտոնավարումը դադարեցնելու հարցը: Միաժամանակ, սակայն, ըստ Արթուր Դավթյանի, անհրաժեշտ է ավելի մեղմ վերաբերմունք դրսևորել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերականգնում են հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը և գործուն աջակցություն ցուցաբերում հանցագործության լիարժեք բացահայտմանը:

2018 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու 563 դեպք, նախորդ տարվա 335 դեպքի դիմաց, այսինքն նման դեպքերն աճել են 228-ով, կամ 68.1%-ով: 15.5%-ով աճել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը: Կարևորելով այս հանցագործություններին նպաստող պայմանների վերացման խնդիրը՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է վերլուծությամբ առանձնացնել մայրաքաղաքի ճանապարհային երթեկության այն հատվածները, որտեղ ամենաշատն են արձանագրվում ՃԵԿ խախտումներ, պարզել և վերացնել պատճառները՝ ՃՈ հսկողության ուժեղացման, երթևեկության նշանների տեղադրման կամ փոփոխման և այլ միջոցներով: Հանձնարարվել է նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել ավտովթարների վերաբերյալ ելակետային տվյալների ձեռբերմանը և նշանակվող փորձաքննությունների արդյունքների հնարավորինս օպերատիվ ստացմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկան: Արձանագրվել է, որ 2018թ. ներկայացվել է խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ներկայացվել է  363 միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը: Վիճակագրությունը վկայում է, որ դատարան ներկայացված անձի կալանավորման վերաբերյալ միջնորդությունները նվազել են, իսկ ներկայացված միջնորդությունների բավարարման ցուցանիշը՝ աճել, ինչը վկայում է ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ կալանքի միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված կոնկրետ միջոցառումների արդյունավետության մասին:

Ամփոփման արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տվել է քննարկված խնդիրների և դրանց շրջանակում դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված կոնկրետ հանձնարարություններ:

Տեսանյութը՝ ՀՀ դատախազության
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել