Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս դատահոգեբուժական փորձաքննությունները անցկացնելու միասնական կարգի բացակայության պատճառով շատ հաճախ փորձաքննությունների իրականացման համար հանձնաժողովների ձևավորումն իրականացվում է տարբեր ձևով, որոշումներում չեն ամրագրվում փորձագետների իրավունքները և պարտականությունները, փորձագետների վճարման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք այլ պահանջներ: Թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետներ), չկա միասնական մոտեցում փորձագիտական եզրակացությունների կազմման և ներկայացման վերաբերյալ, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում ողջամիտ ժամկետներում իրավապահ մարմիններին եզրակացությունների տրամադրում և այլն:
Նախագծով սահմանվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները` կարգավորելով համապատասխան ոլորտի հասարակական հարաբերությունները և լրացնելով օրենսդրության բացերը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող կարգի առկայությունը:
Հավելենք, որ «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումն իրականացվել է առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության և իրավաբանական վարչությունների կողմից:
Սույն որոշման նախագծի ընդունմամբ հստակ կամրագրվեն հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման կարգը, դատահոգեբուժական փորձաքննության ընդհանուր պայմանները, հիվանդանոցային և արտահիվանդանոցային փորձաքննությունների կատարման ընթացակարգերը, ժամկետները, փորձագետների վճարման մեխանիզմները ինչպես նաև փորձաքննությունների արդյունքների ձևակերպման պայմանները, ինչը գործնականորեն կնպաստի ՀՀ տարածքում իրականացվող փորձաքննությունների իրականացման արդյունավետության որակական նոր աստիճանի բարձրացմանը: