Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել նախարարության, կառավարության հետ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են:

Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:

Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում:

Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել