Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաև համայնքին պատճառված վնասի փաստը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում և այդ սխեման պետք է աշխատեցնել»,- նշել է քաղաքապետը:
Բավարար գնահատելով փետրվարի 2-ին տեղացած ձյան մաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հնարավոր ձյան տեղումների դեպքում ձնամաքրումը նույն տեմպով և որակով կիրականացվի:
Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում հաճախ ճանապարհներին առաջացած մերկասառույցի պատճառ են դառնում փողոցներին մոտ տեղակայված ավտոլվացման և ծաղկի վաճառքի կետերը, որտեղից ջուրը հոսում է երթևեկելի հատված: Հանձնարարվել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ջրի բաց թողումը սահմանափկելու և արգելելու ուղղությամբ:
Երևանում փողոցային առևտուրը վերացնելու նպատակով իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ ու կանոնակարգված կազմակերպելու հարցում Հայկ Մարությանը կարևորել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցությունը:
Ամփոփվել են 2019թ. հունվար ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 116%: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 213 մլն դրամով:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի