7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում:
Մասնավորապես, առաջարկվում է վճարովի հիմունքներով սովորողներին հնարավորություն տալ իրենց ուսման վարձը մուծել ըստ կիսամյակների կամ ամիսների:
Իսկ այն դրույթը, որով բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության կարող են սահմանել նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ: Մասնավորապես, համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»: Միաժամանակ, նույն կետի 6-րդ պարբերության համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձեւակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը: