Դեկտեմբերի 25-ից 27-ը Էջմիածնի Չարենցի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտիրուհու բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, տնից հափշտակել 3.750.000 դրամ և 3000 դոլար:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Գողության մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել է դեկտեմբերի 30-ին: Մի քանի օրով որդու տուն մեկնած ու վերադարձած կինն այդ օրն էր միայն նկատել, որ փողերը չկան:
Դեպքի վայրում իրավապահները համապատասխան արձանագրություններ կազմեցին: Փականը վնասված չէր, տունը տակնուվրա չէին արել: Գազօջախի միջից էին գողացել փողը, ինչը հուշում էր, որ բնակարանագողը տան նիստուկացին ծանոթ է եղել, բայց ո՞վ:
Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան:
Հաղորդումից օրեր անց, առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց: Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի թոռը` Ա.Ս-ն:
Հունվարի 10-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ա.Ս-ն լավ գիտեր, թե տատը որտեղ է փողերը պահում, ուներ նաև բնակարանի բանալին, օգտվելով առիթից, որ նա իրենց տանն է, որոշել էր ծրագրածն իրականացնել` մոռանալով հետևանքների մասին:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի քննելու և պարզելու ուղղությամբ:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: