Հունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչեց ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Ս-ն, որը, հետո պարզվեց, մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ:
Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բ-ն՝ դանակով, Սպարտակ Ս-ն մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց ու վերցվեց 2 պարկուճ:
Արթուր Ս-նը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բ-ն՝ դանակը, իսկ Սպարտակ Ս-ն՝ մուրճը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Քննությունը շարունակվում է: