Վերջին օրերին դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում, ինչի մասին են փաստում դեռևս շարունակվող համաճարակաբանական դիտարկման արդյունքները:
Հունվարի 18-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, շտապօգնության 98 կանչ: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1776, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է«համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 386 երեխա (Երևան՝ 162, մարզեր՝ 224): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:
Շարունակվում է նաև դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը: Բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն: