Կառավարության նոր որոշման դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից մի շարք ընտանիքներ չեն զրկվի

Այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության հերթական նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը գործադիրի անդամներին կներկայացնի ՀՀ կառավարության 2014 թ-ի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։

 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2014 թ-ի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման  (այսուհետ` Որոշում) N 2 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, որոնց թվում է նաև ընտանիքի եկամուտը:

Որոշման N 3 հավելվածի 23-րդ կետով սահմանված է, որ ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ են մտնում նաև կենսաթոշակը,  ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում` նպաստները և այլն:

Կենսաթոշակ և նշված նպաստների չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա նշանակվող նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն) իրավունքի փոփոխության:

2019 թ-ի հունվարից նախատեսվում է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացում, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:

Մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25.500 դրամ։

Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների գերակշիռ մասը։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

Նախագիծն ընդունվելու դեպքում 2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել