Կարծում եմ նոր իշխանության մղումներն ազնիվ են, սակայն դրանց տակ թաքնված են շատ լուրջ վտանգներ. Միհրան Պողոսյան

«Ես զգուշավոր կլինեի այս հարցում և մեկ հարց կհղեի «а судьи кто»»,- այսպես պատասխանեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով Իրավաբան.net-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու վերաբերյալ:

Մեր ամանորյա զրույցում փաստաբանը նշել է նաև, թե երբ են իր համար սկսում տոնական օրերն ու ինչ դեր է ունենում դրանց նախապատրաստական աշխատանքներում:

-Պարոն Պողոսյան, 2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:

-Անշուշտ 2018թ-ը փոփոխությունների տարի էր, սակայն հաջողված էր այն, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, կարծում եմ, մեզ բոլորիս մեր հասարակությանը հարկավոր էր փոփոխություն, այդ թվում նաև իշխանության փոփոխությունը, իսկ այն հաջողված համարելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք՝ որպեսզի կատարված փոփոխությունները տանենք հաջողության հունով։

-2018թ-ի հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:

-Եթե խոսքը կոնկրետ դատական գործերի մասին է, ապա կառանձնացնեի Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ցմահ դատապարտյալի ազատ արձակումը դատարանի որոշմամբ, ընդ որում միակը՝ պատժի կրման ընթացքում դրսևորած վարքի կապակցությամբ, այլ ոչ թե հիվանդության հիմքով։ Կարծում եմ, այս աննախադեպ նախադեպը հետագայում իր կիրառումը կստանա այլ ցմահ դատապարտյալների գործերով։

Իսկ եթե խոսքը վերաբերում է ընդհանրապես գործերին ապա կառանձնացնեմ «Մարտի 1-ի» քրեական գործը։ Ընդհանրապես այս քրեական գործը, հաշվի առնելով դրա քաղաքակական ենթատեքստը, դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, դրա հնչեղությունը, պետական պաշտոնյաների անթաքույց մղումները, հանրության վերաբերմունքը դրա նկատմամբ, ցույց կտա, թե արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է իրավական պետություն ունենալուն, թե ոչ, արդյո՞ք մենք պատրաստ ենք ունենալ անկախ դատական համակարգ, թե ոչ և բազում այլ հարցերի պատասխաններ կստանանք։

-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:

-Կարծում եմ նոր իշխանության մղումներն ազնիվ են, սակայն այդ ազնիվ մղումների տակ թաքնված են շատ լուրջ վտանգներ, մասնավորապես մեր հասարակությունը շատ զգայուն է այդ հարցում և առանց իրավական գործընթացների ինչ-որ անձի հայտարարելով «կոռուպցիոներ» ստեղծում ենք «հրապարակային» դատաստանի ենթարկվելու հիմքերը, իսկ հաշվի առնելով, որ մինչ այս մենք ունեցել ենք կամակատար քննչական, դատախազական, դատական համակարգ, ուստի տվյալ մարմինները խուսափում են արդեն որպես «կոռուպցիոներ» հայտարարված անձի վերաբերյալ գործը օբյեկտիվ քննել։

-Պարոն Պողոսյան, այժմ քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

-Ես զգուշավոր կլինեի այս հարցում և մեկ հարց կհղեի «а судьи кто»։ Տեսեք, պետք է շատ զգուշավոր լինել այս հարցում, քանի որ մենք այս առումով շատ վտանգավոր սահմանագծում ենք և շատ հեշտ կլինի «ամցումային արդարադատություն»-ից քայլ կատարել դեպի «ռևանշի դատարաններ» և ես չեմ ցանկանա, որ տարիներ անց մենք կրկին կարիք ունենանք «անցումային արդարադատության»։

-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:

-Ձմեռ պապիկից կխնդրեմ, որպեսզի Հայաստանում ձևավորվի իշխանության իրական 3-րդ ճյուղը՝ դատական իշխանությունը։ Անկախ, ի նկատի ունեմ՝ անկախ թե իշխանությունից, թե պետական այլ մարմիններից, թե հասարակական տրամադրություններից՝ թե իմ, թե հանրության համար։ Առանց սրա մենք կրկին հայտնվելու ենք նույն տաշտակի առջև։

-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:

-Երևի թե ամենաբարդ հարցը, քանի որ ես այդքան էլ դժգոհ չեմ 10 օր հանգստանալու այս հնարավորությունից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ձմեռ սիրում եմ և տոնական օրերը ինձ համար սկվում են դեկտեմբերի 29-ին՝ ծննդյանս օրվանից, սակայն ինչ խոսք տնտեսության վրա այս տաս օրվա տոտալ անգործության մատնված լինելը չափազանգ վատ է արդրադառնում։

-Դուք, այս օրերին փորձու՞մ եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:

-Իհարկե փորձում եմ, սակայն ստացվում է թե ոչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում գնումների իրականացման հարցում կարծում եմ իմ փորձերն ավելի հաջողված են։

-Պարոն Պողոսյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:

Ակնկալում եմ, որ 2018թ-ի փոփոխությունները վերածենք ձեռքբերումների, որպեսզի տարիներ անց 2018թ-ը գնահատենք, որպես հաջողված տարի։ Մեզ բոլորիս ցանկանում եմ արժեքային համակարգի հեղափոխություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել