Մեղադրանքն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը. ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. ««Asekose.am» կայքն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը, թե ՀՀ ոստիկանության անգործությունից կենտրոնում բարդակ է՝ հանդիպակաց են քշում համատարած, երկրորդ գիծը փակած, և մինչև երբ են սաբոտաժ անելու:

Մեղադրանքն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը. վիճակագրությունը փաստում է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ից 19-ը Ճանապարհային ոստիկանությունն արձանագրել է ճանապարհային երթևեկության կանոնների 15 778 խախտում՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 15 803-ի դիմաց: Եվ այս թվերը ոչ թե սաբոտաժի, այլ ճիշտ հակառակի մասին են վկայում:

Պարզաբանենք նաև, որ նախատոնական օրերին միշտ էլ երթևեկությունը մայրաքաղաքում, հատկապես՝ կենտրոնական հատվածում ծանրաբեռնված է: Պատճառները հասկանալի են. մայրաքաղաքի կենտրոնում են տեղակայված սպասարկման, առևտրի, մշակութային օբյեկտների գերակշիռ մասը, և մարզերից ավտոտրանսպորտի մեծ հոսքի, ինչպես և զբոսաշրջիկների թվի աճի պայմաններում երթևեկության լարվածության մեծացումը պետք է առնվազն օբյեկտիվ գնահատականի և ըմբռնման արժանանա. դա ողջ աշխարհում առկա ու անխուսափելի երևույթ է: Ինչ վերաբերում է սուբյեկտիվ կողմին՝ որոշ վարորդների անկարգապահությանը, ապա նման երևույթները բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում, մասնավորապես՝ արդեն մեկ շաբաթ մայրաքաղաքում ծառայություն են իրականացնում նաև մարզերից տեղափոխված 20 կարգախմբեր:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ոստիկանությունը ակնկալում է ոչ թե հանիրավի ու անփաստարկ մեղադրանքներ, այլ քաղաքացիների գործուն աջակցություն և օրինահարգ պահվածք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել