ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 5-ին վճռեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացված հայցը, որով պահանջում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին հրամանագիրը անվավեր ճանաչել, մերժեց:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ բարձրագույն դատական խորհրդի և նախագահ Արմեն Սարգսյանի:
Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի օգոստոսի 6-ին նախագահին էր ներկայացրել 2019 թվականին ստեղծվող սնանկության դատարանի դատավորների 12 թեկնածուների, որոնք նախագահի հրամանագրով նշանակվել են նշված դատարանի դատավորներ:
Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը պահանջում են, որ բարձրագույն դատական խորհրդի՝ թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչվեն:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել թվով 12 դատավորների թեկնածությունները, սակայն այդ ցանկում բացակայել են դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Կարինե Պետրոսյանի անունները:
Դատարանի որոշմամբ՝ գործով երրորդ անձ են ներգրավվել վերոնշյալ 12 դատավորներին՝ Արա Կուբանյանին, Արթուր Աթաբեկյանին, Արմեն Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին, Արսեն Բաբայանին, Արտաշես Հովհաննիսյանին, Բագրատ Մկրտչյանին, Գարիկ Ավագյանին, Գևորգ Նարինյանին, Լիլիթ Կատվալյանին, Սամվել Թադևոսյանին, Տիգրան Փոլադյանին:
ԲԴԽ-ի որոշման վերաբերյալ վարչական դատարանը վճիռ կկայացնի ավելի ուշ:
Եվգենյա Համբարձումյան