Այսօր կքննվի Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

2018 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում տեղի կունենա գործարար, Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը:

Այս մասին հայտնում է Հ2 հեռուստաընկերության աշխատակից Շավարշ Գևորգյանը:

Նույն նիստի ժամանակ քննարկվելու է նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Հաղորդագրությանը կցվել է նաև Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված դեպքերի ժամանակացույցը.

  • «6-ը հոկտեմբերի 2018 թ. խուզարկվում է Սամվել Մայրապետյանի բնակարանը և գրասենյակը՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ:
  • 6-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանը հրավիրվում է ՀՔԾ և ինքնակամ ներկայանում է:
  • 6-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանը հարցաքննվում է, առերեսվում Սիլվա Համբարձումյանի հետ, ապա ձեռբակալվում ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:
  • 9-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանը կալանավորվում է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ:
  • 14-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվում են Սամվել Մայրապետյանի տեսակցությունները:
  • 14-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացնում ՀՀ Վերաքննիչ դատարան:
  • 15-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի որոշմամբ առգրավվում են Սամվել Մայրապետյանի երկու հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր:
  • 19-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ կալանք է դրվում Սամվել Մայրապետյանի գույքի և բոլոր դրամական միջոցների վրա:
  • 19-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով միջնորդություն են ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով:
  • 21-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները ՀՀ Գլխավոր դատախազություն են ներկայացնում առողջական վիճակի մասին երկրորդ կարծիք ստանալու նպատակով արված բժշկական հարցման արդյունքները՝ ի գիտություն ընդունելու համար:
  • 24-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները Գլխավոր դատախազություն են ներկայացնում տեսակցությունների արգելման մասով բողոք:
  • 27-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
  • 31-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները Գլխավոր դատախազություն են ներկայացնում գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով բողոք` Սամվել Մայրապետյանի Հայկական երկրորդ հեռուստաալիքին իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները հավաստող փաստաթղթերի պատճեններով:
  • 29-ը հոկտեմբերի 2018 թ. Գլխավոր դատախազությունը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ տեսակցությունների արգելման մասով բողոքը:
  • 5-ը նոյեմբերի 2018 թ. Գլխավոր դատախազությունը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով բողոքը:
  • 6-ը նոյեմբերի 2018 թ. Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արդարությունը վերականգնելու հույսով:
  • 8-ը նոյեմբերի 2018 թ. ՀՀ Գլխավոր դատախազությունում կազմակերպվում է Սամվել Մայրապետյանի պաշտպանի ու Հայկական երկրորդ հեռուստաալիքի ներկայացուցչի ընդունելություն, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին կրկին հանձնվում է Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի և Հայկական երկրորդ հեռուստաալիքին իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները հավաստող փաստաթղթերի պատճենները:
  • 16-ը նոյեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ևս մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով խափանման միջոց կալանքը փոխարինելու նոր միջնորդություն է ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն:
  • 21-ը նոյեմբերի 2018 թ. Մերժվում է Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ևս մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով խափանման միջոց կալանքը փոխարինելու նոր միջնորդությունը:
  • 55 օր կալանքի տակ:

PS: Այս ամբողջ ընթացքում Սամվել Մայրապետյանը հարցաքննվել է միայն մեկ անգամ՝ ձեռբակալման օրը: Որևէ քննչական գործողություն այս ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ այլևս չի իրականացվել»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել