Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացնելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1975 թվականին, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու գործունեություն իրականացնելու իրավունք, գումար վաստակելու համար, 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իրացրել Կոտայքի մարզի մեկ այլ բնակչի:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաև այն անձի ինքնությունը, որին իրացվել է թմրամիջոցը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը 2018թ. մարտի սկզբին հանդիպել է նույն մարզի բնակչին և պայմանավորվածություն ձեռք բերել՝ թմրամիջոցը մաս-մաս իրացնելու շուրջ: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, 2018թ. մարտի 19-ից  ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում տարբեր չափաքանակներով նա թմրամիջոց է իրացրել նույն մարզի բնակչին, իսկ մի մասն էլ ապօրինի կերպով պահել է իր «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայում և իր տան խորդանոցում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել