Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվեցին նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:
Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումները ներկայացրին դատարանի նախագահի ընտրության առնչությամբ:
Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպեց քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:
Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ ընտրվեց Գարիկ Ավագյանը: