Երևանի ավագանին նոյեմբերի 27-ի նիստին որոշում կընդունի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին:
Որոշման նախագծում ասվում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում կընդունի.
Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը՝ վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի համաձայն համաձայն՝ կազմում է 55 000 դրամ:
Կսահմանվի, որ որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումն ավագանու անդամներին է տրամադրվում.
- առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման,
- դրամական փոխհատուցում ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու անդամի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ավագանու անդամի` իր լիազորությունների ստանձնումից հետո.
- անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:
Կընդունվի ի գիտություն, որ.
- 2018 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների դրամական փոխհատուցման գումարները վճարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ,
- ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել,
- սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բացակայությունները հիմնավորվում են` ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների` հանձնաժողովի նիստերին ավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ: