Միկրո­ձեռ­նար­կությունները, որոնց շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը, ամբողջությամբ ազատված կլինեն հարկերից

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է հրապաակվել, որով փոփոխութոյւններ կկատարվեն հարկային օրենսգրքում։

Նախագծով՝ միկրո­ձեռ­նար­կությունները, որոնց շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը, ամբողջությամբ ազատված կլինեն հարկերից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նաև որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվելու է հաստատագրված 5000 դրամի չափով՝ ներկայիս 23 կամ 28 տոկոսների փոխարեն:

Հարկային օրենսգրքով նաև առա­ջարկվում է էականորեն պարզեցնել փոքր ձեռ­նար­կատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:

Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետևյալ այլընտ­րան­­քային համակարգերը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 9 մլն դրամ շրջանառություն ունեցող գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճա­րող­­ները ամբողջությամբ ազատված են հարկերից: Հարկման այլընտրանքային համակարգերից մյուսը ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգն է, որի շրջանակներում մինչև 18 մլն դրամ շրջանառություն ունեցող և ընտանիքի անդամների միջոցով գոր­ծու­նեու­թյուն իրականացնող հարկ վճարողները ամբողջությամբ ազատված են հարկերից:

Այժմ այս երկու համակարգերի փոխարեն առաջարկվում է մեկ միասնական՝ միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ:

«Խնդիրն այն է, որ հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման համա­կար­գերի բազմազանությունն անխուսափելիորեն հան­­գեց­նում է մի շարք բացասական երևույթ­ների, մասնավորապես՝ հարկային օրենսդրության բարդության, օրենսդրական երկիմաստությունների, անորոշությունների և հարկային վարչարարության հետ կապված դժվարությունների»,- նշված է նախագծում:

Հարկային օրենսգրքի նոր տարբերակում նաև առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի նախորդ փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ:

Միկրո­ձեռ­նար­կություններին վերաբերող հարկային փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2020 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել