Եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում ապօրինի հուղարկավորություններ կատարելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետևանքով վնասվել է  պատմամշակութային հուշարձանը, խաթարվել վերջինիս տարածքի ամբողջականությունը:  

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերվված տվյալներն առերևույթ պարունակում են պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել