Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը ներկայացրեց Քննչական կոմիտեին 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:
2019 թվականին Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ 839 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 25.5 տոկոսով:
Քննչական կոմիտեին հատկացված միջոցների 88.4 տոկոսը ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ 11.6 տոկոսը՝ ծառայությունների, ապրանքների և պարտադիր վճարների ձեռք բերմանը:
Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդը 2019 թվականին կկազամի 101 միլիոն դրամ:
ՔԿ աշխատակցների վերապատրաստման և պատրաստման կազմակերպման համար բյուջեով հատկացվել է 20 միլիոն 550 հազար դրամ:
Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրների կրթաթոշակի համար 2019 թվականին նախատեսված է 42.7 միլիոն դրամ: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության համար նախատեսված է 26.3 միլիոն դրամ:
Քննչական կոմիտեի կարողությունների զարգացման հոդվածով նախատեսված է 51.5 միլիոն դրամ:
Տրանսպորտային սարքավորումներ հոդվածով հատկացված միջոցները կազմում են 25.2 միլիոն դրամ, որն ուղղվելու է երեք «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ձեռք բերմանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը տրամադրելու համար:
2019 թվականին նախատեսվում է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգում:
2018 թվականին Քննչական կոմիտեին վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրով հատկացված 261.2 միլիոն դրամից հնարավոր է եղել տնտեսել 80.5 միլիոն դրամ, որը 2019 թվականի ընթացքում ուղղվելու է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հիմնանորոգման աշխատանքներին: