Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պազրաբանում է տարածել․
«Անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում, թե եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը  կարո՞ղ է որակյալ լինել։
Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային պայմանների դեպքում, որոնք՝ ոչ։
Միանշանակ, չի կարելի ասֆալտապատում կատարել, քանի որ ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին:
Գարնանն ու աշնանը կարելի է  տաք և սառը ասֆալտբետոնե խառնուրդներ տեղադրել։ Աշնանը, երբ շրջակայքի միջին ջերմաստիճանը ցածր չէ +10ºC-ից, իսկ գարնանը` +5ºC-ից։  Իսկ անձրևի դեպքում հնարավոր չէ ապահովել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ են ասֆալտապատման անհրաժեշտ որակ ապահովելու համար։
Սակայն, ոչ բարենպաստ եղանակային պայմաններում կարելի է կատարել հողային, ճանապարհի հին ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ջրահեռացման համակարգերի նորոգման և կառուցման, արհեստական կառուցվածքների հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ապամոնտաժման և մոնտաժման, անվտանգության տարրերի տեղադրման, շինարարական իներտ նյութերի պատրաստման, կուտակման և տեղափոխման աշխատանքներ։
Ֆրեզավորումը ասֆալտի հին շերտի հեռացումն է, քերումը, կազմաքանդումը, որը կարելի է իրականացնել ցանկացած եղանակի դեպքում։
Օդի 5 ºC-ից ցածր միջին ամսական ջերմաստիճանի և 0 ºC-ից ցածր օրական նվազագույն ջերմաստիճանի դեպքում կարելի է կատարել բետոնացման աշխատանքներ, քանի որ նման եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների համար կիրառվող բետոնի խառնուրդները պատրաստվում են տաքացվող բետոնախառնիչներով, օգտագործելով տաքացված ջուր և լցանյութեր։
Բետոնե խառնուրդին ավելացվում են համապատասխան հավելանյութեր, կիրառվում են բետոնի խառնուրդի պատրաստման, տեղափոխման, փռման համապատասխան ձևերը և միջոցները, որոնց դեպքում ապահովվում է սահմանված անհրաժեշտ չափանիշներին համապատասխան բետոնապատում։
Իսկ ջրահեռացման համակարգերի (մետաղական կամ հավաքովի երկաթբետոնե խողովակներ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ), անվտանգության տարրերի տեղադրման համար նախանշված սահմանափակման չափորոշիչներ չկան»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել