Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի վերբերյալ նախագիծ է հրապարակվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2015թ-ի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 3-րդ կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել ու ամբողջացնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական ակտերը, մասնավորապես` կառավարության այն որոշումները, որոնցում նախատեսվում է կատարել փոփոխություններ:

Համաձայն վերը նշված միջոցառումների ծրագրի 3-րդ կետում նշված միջոցառման` նախատեսվում է տարեցներին մա­տուցվող ծառայու­թյուն­ների տեսա­կանին ու որակը բարելավելու նպատակով վերանայել դրանց իրավական կարգավորումները, մասնավորապես՝ լրամշակել խնամքի տրամադրման կարգը, հստակեցնել մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց համար դիմելու ընթացակարգերը և ներառել  ծառայությունների այն տեսակները, որոնք գործող այլ իրավական ակտերով լիարժեք սահմանված չեն եղել (մասնավորապես՝ բարեգործական ճաշարաններին առնչվող դրույթները):

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև  2017 թվականի հուլիսի 13-ի «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 30 արձանագրային որոշման դրույթներով, որի N 2 հավելվածով սահմանված՝ միջոցառումների ժամանակացույցի 1.2.2 կետում ամրագրված է «Ընտանեկան տիպի փոքր տների ստեղծման, դրանցում երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» միջոցառումը: 

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ գործող կարգում (այսուհետ՝ կարգ) ամրագրված է շուրջօրյա խնամքի հաստատություններ, տնային խնամքի ծառայություններ և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, ծառայությունների տրամադրումը:

Վերը նշված կարգով կարգավորված չէ խնամքի ծառայություններ տրամադրող՝ այսօրվա գործող բոլոր կազմակերպությունների կողմից ծառայությունների տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ գործող կարգում տարանջատված չեն սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տեսակները՝ ըստ շահառուների շրջանակի, ընդհանրապես բացակայում է բարեգործական ճաշարանը, որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, մասնավորապես՝ սնունդ տրամադրող կազմակերպություն (մինչդեռ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց): 

Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 բարեգործական ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ:

Չնայած, որ ՀՀ կառավարության  2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելուև Հյաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժըկորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն այնտեղ որևէ դրույթ չկա բարեգործական ճաշարանների մասին, նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը:

Նույն խնդիրն առկա է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ցերեկային կենտրոնների պարագայում: Բացի նշված կազմակերպություններում ծառայություններ տրամադրելու կարգի ու պայմանների իրավական կարգավորման անհրաժեշտությունից:

Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև 2018 թվականի ապրիլի 11-ին կնքված՝ «Փոքր տուն» փորձնական ծրագրի գործարկման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Վանաձորում իրականացվում է փոքր տանը երեխաների շուրջօրյա խնամքի տրամադրման փորձնական ծրագիր: Ներկայում փոքր տանը խնամվում է  առանց ծնողական խնամքի մնացած՝ Վանաձորի մանկատնից տեղափոխված 10 երեխա:

Նախագծով գործող կարգում ավելացվել են նոր բաժիններ կապված մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և ծառայությունների ֆինանսավորման կարգի հետ: Նախագծում հստակեցվել են ծառայություններ ստացող անձանց շրջանակը, սահմանելով, որ ծառայությունները տրամադրվում են համաձայն նրանց գնահատված կարիքների: Կարիքների գնահատման մեթոդաբանությունը հաստատված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի մարտի 14-ի N 44 –Ա/1 հրամանով:

Նախագծի ընդունման նպատակն է իրավական կարգավորում տալ, հստակեցնել, կարգավորել  խնամքի տրամադրման հետ կապված բոլոր հարաբերությունները, խնամք ստացող անձանց շրջանակի սահմանումից մինչև նրանց տրամադրվող բոլոր ծառայությունների տրամադրման ընթացակարգի սահմանումը:  Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, ամրագրվել է  բարեգործական ճաշարանը, որպես սնունդ տրամադրող կազմակերպություն, սահմանվել է սննդի տրամադրման կարգը: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները:

Հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:

Փոքր տանը խնամքի տրամադրման նպատակը երեխայի համար ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմանների, երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է և սոցիալական ներառմանն աջակցությունը՝ մինչև կենսաբանական ընտանիք երեխայի վերադարձը, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի որևէ տեսակի (որդեգրում, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության կազմակերպում) միջոցով երեխայի խնամքը կազմակերպելը:

Ակնկալվում է առավել հստակեցված, ամբողջականացված իրավական ակտի առկայություն, որտեղ ներառված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցվող խնամքի գործող բոլոր ծառայությունները, այդ թվում նաև այն, ինչ նախկինում ներառված չէր, բացի այդ սահմանված են ծառայությունների տրամադրման ընթացակարգերը, շահառուների շրջանակը՝ ըստ ծառայությունների տեսակների, խնամքի տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

Բացի այդ, ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան պայմաններում,  կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև կապահովվի  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնդիրների լուծմանն ուղղված պետության և կազմակերպությունների միջև համագործակցության լայն շրջանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել