Արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը` Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչների բողոքի վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ դպրոցի 12 մանկավարժ դեռևս այս տարվա սեպտեմբերի 18-ին դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նրանք ներկայացրել են դպրոցում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները, և դրանով պայմանավորված` իրենց դժգոհությունն արտահայտել դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի գործունեության վերաբերյալ: Նախարարի հանձնարարությամբ դիմումը հասցեագրվել էր Կրթության տեսչական մարմին` ուսումնասիրության:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
«Տեսչական մարմինը, կատարելով բարձրացված խնդիրների ուսումնասիրություն, համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ Լոռու մարզպետարան` տեղեկացնելով, որ մանկավարժների կողմից բարձրացված խնդիրները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից: Լոռու մարզպետի կողմից ստացվել է պատասխան գրություն, որում, մասնավորապես, նշվում է. «Դիմումը քննարկվել է Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում` ՀՀ Լոռու մարզպետի, փոխմարզպետի, կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարի, դպրոցի տնօրենի և դիմումատուների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում հանձնարարվել է և՛ տնօրինությանը, և՛ կոլեկտիվին լինել հանդուրժող` ավելի կարևորելով նոր սերնդի կրթության և դաստիարակության գործընթացը և ոչ թե անձնական խնդիրները, և աշխատանք տանել դպրոցում տիրող բարայահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ»: Այս մասին իրազեկվել են նաև դիմումատուները: Ուստի, ուսուցիչների դիմումն անպատասխան չի մնացել:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղակացնել, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ընդունել է Վանաձորի թիվ 16 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներին, որոնք նոր մանրամասներ են ներկայացրել դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախարարի տեղակալի առաջարկով դրանք նոր բողոք-դիմումով հասցեագրվել են Կրթության տեսչական մարմին:
Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ տեղ գտած այն ձևակերպմանը, թե տնօրեն Նաիրա Հարությունյանը վայելում է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը, հարկ ենք համարում նշել, որ տնօրենի ընտրության և վերընտրության գործառույթը բացառապես տվյալ դպրոցի կառավարման խորհրդի իրավասության շրջանակում է: ԿԳ նախարարն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չի ունեցել և չունի հովանավորյալ կադրեր, այդ երևույթը խորթ է նոր իշխանություններին, ինչի մասին նախարարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր գործունեության մեջ առաջնորդվելով բացառապես օրենքների և իրավական ակտերի շրջանակում նախարարին վերապահված լիազորություններով: Բացի այդ, ոչ բոլոր Հարությունյաններն են, որ բարեկամական կապեր ունեն ԿԳ նախարարի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։