ՄԻՊ-ի միջնորդությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պատշաճ բուժօգնություն ստանալու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև դատապարտյալի քույրը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում եղբոր առողջական վիճակը վատթարացել է, վերջինս պարբերաբար ունենում է սուր ցավեր, և անհրաժեշտ է իրականացնել վիրահատական միջամտություն:

Բարձրացված խնդրի առնչությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն և քրեակատարողական ծառայություն: Դրա հետ մեկտեղ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, հանդիպել բողոքը ներկայացրած դատապարտյալին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

Արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության հետ համատեղ աշխատանքի շրջանակում իրականացվել է համապատասխան բժշկական հետազոտություն և խորհրդատվություն, որից հետո պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում դատապարտյալը վիրահատվել է բժշկական կենտրոնում: Հետվիրահատական շրջանի դիտարկման համար տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Արդյունքում, դատապարտյալի կողմից բարձրացրած խնդիրը ստացել է դրական լուծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել