Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ համայնքներին 2018թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 167 մլն 954 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ համայնքների ներկայացրած 230 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել 173-ը: Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես, փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ էլ աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի՝ կարկտահարությունից և տեղատարափ անձրևից տուժած բնակիչներին, կվերանորոգվի դպրոցի տանիքը: Ըստ հիմնավորման՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին տեղատարափ անձրևից և կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները, զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին կհատկացվի 24,764.0 հազ. դրամ: