Օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված ազատությունից զրկված անձի իրավունքների իրացմանը

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության արդյունքում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվելու ազատությունից զրկված անձի իրավունքների իրացման համար: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Մասնավորապես, 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էին ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձ էր կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում: Խնդիրները վերաբերում էին ազատությունից զրկված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններին, ինչպես նաև կարճատև մեկնումների տրամադրմանը, ազատությունից զրկված անձանց անձնագրերով (նույնականացման քարտերով) փաստաթղթավորման գործընթացին, ինչպես նաև ազատությունից զրկված այն անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը, որոնց նկատմամբ կիրառվել է պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժ:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերով այս խնդիրներին վերջնական լուծում է տրվում: Դրանց արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը, որը լուրջ խթան կհանդիսանա պատժի ենթարկված անձանց վերասոցիալականացման և պատժի նպատակներին հասնելու համար, լրացուցիչ երաշխիքներ կնախատեսվեն ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մյուս դատապարտյալներից անջատ պահելու կանոնի վերացման հիմքով կբարձրացվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը, իսկ կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել