Ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը

Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ  ասուլիսը: Այս մասին հայտնում են արդադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Փոխնախարար, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Խոսելով մի շարք կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներից՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության մշակումը, Էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ապօրինի հարստացման քրեականացումը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունների հզորացումն ու գործիքակազմի բարելավումը, այն է՝ վարչական և քրեական պատասխանատվության սահմանում հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար, որի գործնական արդյունքն արդեն իսկ հարուցված շուրջ 500 վարչական վարույթներն են:

Փոխնախարարն անդրադարձել է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը և գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտի բարելավմանը, ինչի արդյունքում էապես ընդլայնվել է հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը՝ 750-ից հասնելով շուրջ 3400-ի:

Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում որպես էական հանգամանք նշել է նաև հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված հանրային լայն վստահությունն ու աջակցությունը հակակառուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:

Ռուսուդան Միխելիձեն բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ գնահատելով դրանք գերազանց: Միխելիձեի խոսքով՝ դեռևս այս տարվա մայիսից 10 փորձագետներից կազմված խմբով աշխատել են ներկայացված զեկույցի վրա և արդյունքը գոհացուցիչ է, քանի որ Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում էականորեն բարելավել է հակակոռուպցիոն ներազդման իր ցուցանիշը: Որպես հիմանական գործոն՝ ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչը նշել է նոր հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը, որը, նրա խոսքով, համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչպես նաև քաղհասարակության ընդգրկվածությունն իրավական ակտերի մշակման և ընդունման գործընթացում: Ամփոփելով խոսքը՝ Ռուսուդան Միխելիձեն վստահություն է հայտնել, որ ներկայացվող զեկույցում զետեղված նոր առաջարկ-հանձնարարականները ևս ուղեցույց կլինեն Հայաստանի համար առաջիկա 3 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նոր նշաձող սահմանելու համար:

Այնուհետև, հաջորդել է զեկույցի ներկայացումը, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածի շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել