Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որշման նախագիծը։
Նախագծի համաձայն որոշում կընդունվի․
- Հայտարարել 2018 թվականի նոյեմբեր – 2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2018 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
- Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
- 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
- Պաշտպանության նախարարին՝
1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ.
2) 2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` ՀՀ քաղաքացիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
- Առաջարկել Գլխավոր դատախազին շարունակելզորակոչից խուսափող՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
- ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել ՀՀ զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
- Հանձնարարել ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:
- Առողջապահության նախարարին`
1) ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.
2) ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
- Արտաքին գործերի նախարարին`
1) ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա ՀՀ քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` ՀՀ վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը ՀՀ զինվորական կոմիսարին:
- Ոստիկանության պետին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել ՀՀ տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
- Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում:
- Կրթության և գիտության նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: