Հոկտեմբերի 25-ին համատեղության կարգով Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Հարալդ Հինգերորդը ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և հայ-նորվեգական դարավոր բարեկամության մասին` նշելով, որ դեռևս 14-րդ դարի դարասկզբին Նորվեգիայի Թագավոր Հակոն Հինգերորդը հանդիպել է Կիլիկիայի Թագավորությունից պատվիրակության հետ` քննարկելու հնարավոր ռազմական համագործակցությունը: Թագավոր Հարալդ Հինգերորդը հիշատակել է նաև նորվեգացի գիտնական, բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի նվիրական աշխատանքը հայ գաղթականների ու որբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը` մի շարք ոլորտներում Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ուղղությամբ: