Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս, որն ավելի բարձր է 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5.8 տոկոս ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5 տոկոս աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս ծրագրված 5 տոկոսի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1 տոկոս՝ ծրագրված 8 տոկոսի փոխարեն:
Տ.Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017 թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին: Դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն և մետաղների ձուլում: Մնացած ձեռնարկությունները, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսը և գործում են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում, արձանագրել են մոտ 30 տոկոսով արդյունաբերական արտադրանքի աճ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 2018 թ. 9 ամսվա կտրվածքով հարկերի հավաքագրման ուղղությամբ արձանագրված միջանկյալ ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2018 թ. համար նախանշված ծրագրային ցուցանիշները մինչև տարեվերջ կապահովվեն:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով գնաճի ցուցանիշները, նշել է, որ 2017 թ. համեմատ ցուցանիշները դրական են, և կանխատեսվում է, որ ԿԲ այսօրվա ունեցած գործիքակազմով տարին կամփոփվի 3,3-3,5 տոկոս, հնարավոր է՝ նաև 3 տոկոս գնաճի շրջանակում, ինչը նշանակում է, որ կանխատեսված 4 և ավելի բարձր տոկոսին գնաճը չի հասնի: Անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը՝ ԿԲ նախագահը նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը:
Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք և ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը:
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է նաև ՀՀ տնտեսությունում և մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մասին:
Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության կառուցվածքային փոփոխություններին, բյուջետային ծախսերին, ոլորտային բարեփոխումներին, ընթացիկ ներդրումային ծրագրերին, հարկային բարեփոխումներին և այլն:
Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հանձնարարել է պատասխանատուներին ևս մեկ անգամ անդրադառնալ խոշոր ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես ճանապարհաշինական, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում՝ հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաև զարգացման նոր ծրագրեր մշակելու համար: