Կտրած-ծակած թափանցող վերքով 2 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ՔԿ

2018թ. հոկտեմբերի 22-ին՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ միաժամանակ բուժօգնության են դիմել 1986թ. և 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակիչներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող շենքերից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, նախկինում մի քանի անգամ դատապարտված:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  ձերբակալվել է՝  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել