Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 21 դեպք է արձանագրվել. ամփոփում

2018-ի երրորդ եռամսյակը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ներառող ժամանակահատված էր։ Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից ոչ միայն ընտրախախտումներին հաջող հակազդելու, այլև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Այդուհանդերձ, բուն քվեարկության օրը՝ սեպտեմբերի 23-ին, արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 1 բռնության և 1 ճնշում գործադրելու փաստ։ Համեմատության համար՝ 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների օրը տեղի էր ունեցել 2 ֆիզիկական բռնության և 5 մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք։

Ընդհանուր առմամբ, երրորդ եռամսյակում,  ի տարբերություն երկրորդի, երբ ընթանում էր թավշյա հեղափոխությունը, լրագրողների նկատմամբ  ֆիզիկական բռնությունների, ինչպես նաև տարատեսակ ճնշումների թիվը կտրուկ նվազել է, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացել է, ինչը երևում է ստորև ներկայացված աղյուսակում։  

   2018 թ. խախտումների քանակական տվյալները՝ ըստ եռամսյակների

Խախտումների տեսակները 2018 թ. 1-ին եռամսյակ 2018 թ. 2-րդ եռամսյակ 2018 թ. 3-րդ եռամսյակ Ընդամենը
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 0            19
(23 տուժող)
2
(4 տուժող)
      21
(27 տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ 12          23 13       48
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ 14          12 22        48

2017 եւ 2018 թթ. երրորդ եռամսյակների խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները

2017 թ.

երրորդ եռամսյակ

2018 թ.

երրորդ եռամսյակ

Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ 2 2
   (4 տուժող)
Ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ 16 13
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ 39 22

Հետհեղափոխական ժամանակաշրջանում և հատկապես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առավել ցայտուն երևաց հայաստանյան լրատվամիջոցների՝  ըստ քաղաքական և ֆինանսական ճամբարների բաժանված լինելը։ Այդ երևույթն էլ ավելի խորացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո։ Անհանդուրժողական մթնոլորտը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, որտեղ տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների թիրախ էին դառնում նաև լրատվամիջոցները։

Երրորդ եռամսյակում 2 նոր դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողի և ԶԼՄ-ի։ Ընդ որում՝ երկու դեպքում հայցվորը «News.am» լրատվական կայքի հիմնադիր «Նյուզ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ն է, որը պահանջել է պատասխանատվության ենթարկել մի դեպքում՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը պատկանող «1in.am»-ի թղթակից Սոնա Հարությունյանին, մյուսում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ վիրավորանքի և զրպարտության համար։

2018 թ. ապրիլյան հեղափոխության ընթացքում գրանցված՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մանագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպքերի վերաբերյալ ԽԱՊԿ-ն արձանագրել է հետևյալ զարգացումները։ Այդ դեպքերից միայն 11-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել։ Դրանցից 4 գործը («Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյան, «Լragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյան՝ 2 դրվագով) մտել է դատարան, որից առայժմ միայն մեկով է դատավճիռ կայացվել։ Մնացած 7 միջադեպերի առնչությամբ նախապատրաստված նյութերը միավորվել են 2 խումբ քրեական գործերի մեջ։ Մնացած դեպքերով կամ ի սկզբանե քրեական գործ չի հարուցվել, կամ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել քրեական գործի հարուցումը մերժել։

Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը։ Եթե դրանցից առաջինում տուժող լրագրողներից Հակոբ Կարապետյանը վերջապես՝ 3 տարի անց, հրավիրվել է առերեսման, ապա երկրորդի նախաքննությունը, որով տուժող են ճանաչվել 20-ից ավելի ԶԼՄ աշխատակիցներ, կասեցվել է, ինչը լրագրողական հանրությունն անընդունելի է համարում։ ԽԱՊԿ-ը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։

ԶԼՄ-ների համար տեղեկատվության մատչելիության, ինչպես նաև լրագրողների գործունեության պայմանների տեսակետից խնդրահարույց են մնում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքները, որոնք վերանայման կարիք ունեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել